ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Երկրաշարժից օրեր առաջ Տանյան Գորիսում էր

Երկրաշարժից օրեր առաջ Տանյան Գորիսում էր
08.12.2024 | 06:55

Առաջին անգամ այսպես ճանաչեցի Տանյային. 1985-ն էր, հոկտեմբերը: Ժուռնալիստների վերապատրաստման մեկամսյա դասընթացների էինք:

Գրողների միության շենքի մոտ՝ հին մաշիկները ոտքերը գցած, գունաթափ մազերը աչքերին, Տանյան գնում էր:

Տանյա Հովհաննիսյանին ինձ ծանոթացրեց ղուկասյանցի վաղամեռիկ բանաստեղծ Նորայր Բաղդասարյանը:

Մեզ հետ էր նաև Լևոն Խեչոյանը, ով նույնպես չէր ճանաչում Տանյային:

Նորիկից շատ էինք լսել գյումրեցի բանաստեղծուհու մասին, նաև՝ որոշ պատմություններ համատեղ ուսանողական կյանքից:

Ընկերներս Տանյայի հետ մի քանի բառ փոխանակեցին, հրավիրեցին մոտիկ սրճարանում մեզ հետ նշելու Նորայրի տպագրված գրքի ազդօրինակը:

Հրաժարվեց, շտապում էր:

Ամեն ինչից երևում էր, որ շտապելու տեղ չուներ, ու՞ր էր շտապում... զարմացած էինք:

Ինձ նետված թռուցիկ հայացքից հասկացա, որ նեղվել էր... «անհոգ գեղեցկուհու» տեղ էր դրել...

Ինչևէ, նա ստիպված էր նորից հանդիպելու այդ «անհոգ գեղեցկուհուն», բայց արդեն՝ այլ պայմաններում ու երևի՝ ոչ պատահական...

Իսկ այդ օրը՝ ոչ մի հիշարժան տպավորություն, խղճահարությունից և նեղսրտությունից բացի:

Գիտեինք, որ վերջերս էլի հոգեբուժարանում է եղել, որ՝ անկանոն, անռիթմ ապրում է, վայ թե՝ կիսասոված, անխնամ:

Ծանր էր տպավորությունը:

1988 թվականի նոյեմբերի վերջերն էր: Տանյան մի ընկերոջ՝ Հաբեթ անունով, հայտնվեց Գորիսում:

Առաջինն այդ մասին իմացա ես, նախ՝ Նորիկն էր Ղուկասյանից զանգել ու ասել, հետո էլ՝ Տանյան հյուրանոցում տեղավորվելուց հետո, եկել էր խմբագրություն:

Ձմեռնամուտ, ցուրտ օր էր: Տանյան նույն մաշիկներով էր, ինչ տեսել էի երեք-չորս տարի առաջ: Գորշ, ճմրթված յուբկայի վրայից հին, բարակ մի բաճկոնակ և՝ նույն գզգզված խրձերով մազերը:

Խմբագիրն արտասովոր հյուրից ազատվելու համար ինձ էր կանչել՝ մտածելով երևի, որ պոետական հարցերից ու կորած էակներից միայն մշակույթի բաժինը կարող է գլուխ հանել:

Աշխատանքային օրվա վերջն էր: Տանյային ջերմությամբ ընդունեցի, միասին դուրս եկանք:

Ճանապարհին իմացա, որ եկել էր Գորիս՝ բակունցյան աշխարհը տեսնելու, հանդիպելու տեղի ստեղծագործողների հետ:

Հասկացա, Տանյան ավելի շատ ուզում էր, որ իրեն ճանաչեն:

Ով գիտե, գուցե զգացե՞լ էր մոտալուտ վախճանը...

Հարմար ժամանակ չէր ընտրել Տանյան՝ բնաշխարհին ծանոթանալու, թոռութաց, մառախուղ շրջան էր, շարժումը փոթորկել էր բոլորիս միտքը...

Հետո իմացա՝ նրան շատ բան տեսնել պետք էլ չէր, նրան կարծես, ոչինչ էլ չէր հետաքրքրում:

Այն տպավորությունն էր, որ նա իրոք մի կորած-մոլորված մարդ էր, ով պատահմամբ հայտնվել էր Գորիսում:

Ձյունախառն անձրևի տակ քայլելով՝ եկանք մեր տուն: Նա անձրևանոց չուներ, մտքով չէր էլ անցնում՝ իմ անձրևանոցի տակ պատսպարվել, տաքսի կամ երթուղային էլ չուզեց նստել:

Ողջ ճանապարհին ստիպված էի քայլել զարմացած հայացքների ներքո՝ ո՞վ է այդ արտասովոր տգեղ, գզգզված և մինչև մազերի ծայրը թրջվող, ամենահետին աղքատի հագուկապով կինը, ում հետ այդպես ջերմ զրուցելով, քամին ու անձրևը հերոսաբար հաղթահարելով՝ գնում էինք:

Իր գրածներից մի քիչ հասցրել էի ճանաչել նրան՝ քամու պես անպատասխանատու, իրականում՝ ամեն ինչ նկատող Տանյային, բացի այն, որ սրտաճմլիկ պատմություններ էլ էի լսել....մի խոսքով՝ իրոք, տաղանդավոր, լավ գրիչ է, թերևս, ինքը՝ ցաքուցրիվ, աննպատակ թվացող:

Մայրս սեղան բացեց: Այդ ընթացքում զանգահարեցի բոլոր ստեղծագործող ընկերներիս. ժամը ութին հանդիպելու հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էին Տանյան ու իր լռակյաց ընկերը:

Գրեթե ոչ-ոք չէր ճանաչում Տանյային, որոշները միայն՝ թռուցիկ, լսելով, մարդիկ էլ կային, որ զարմացան ու հրաժարվեցին. ու՞մ է պետք այս հատուկ հանդիպումը ինչ-որ անհայտ ստեղծագործողի հետ:

Ընթրելուց հետո, երբ մայրս արդեն թեյ էր հյուրասիրում, Տանյան վեր կացավ և քրքրված պայուսակից թղթի մեջ փաթաթած երկու կտոր շաքար հանեց, թվաց՝ ցուցադրաբար խրթխրթացնելով սկսեց թեյը խմել:

Մայրս ցնցված էր. սեղանին ամեն քաղցրավենիք կար, մուրաբաներ, ուղղակի նպատակահարմար չէր գտել շաքար դնել…

Անմիջապես շաքար էլ բերեց և Տանյային խնդրեց տեղը դնել իր շաքարը:

Եվ ընդհանրապես, հյուրասիրության բոլոր նրբերանգներին հմտորեն տիրապետող մորս համար չափազանց վիրավորական էր, էլ չասեմ՝ գռեհկություն հյուրի նման պահվածքը, բայց ավելի շատ խղճահարված էր Տանյայի արարքից:

Նա թշվառ և անօգնական տպավորություն էր թողել մորս վրա:

Դեռ մի քանի օր մայրս հիշում էր «այդ խեղճ կնոջը», ասելով՝ այդպիսի խեղճեր էլ կա՞ն էս աշխարհում…

Տնից դուրս գալիս՝ մայրս կարևոր բան էր մոռացել... հետ եկավ Տանյայի պայուսակի մեջ դրեց մի փաթեթ, երևի նախօրոք պատրաստած, մեջը քաղցրավենիք, մուրաբաներ:

Հրաժեշտին՝ անսպասելի գրկեց Տանյային, հուզվել էր.

- Քեզ լավ նայիր, աղջիկս…

Հյուրանոցի համարում Տանյան այդ երեկո Գորիսի ստեղծագործողների համար կարդաց իր բանաստեղծությունները:

Իրենց գործերից կարդացին նաև ընկերներս: Ծավալվեցին քննարկումներ, զրույցներ, վեճեր:

Ասեմ, որ Տանյան ամենևին էլ այն խեղճը չէր, ինչ թվում էր առաջին հայացքից:

Նա մարտադաշտ դուրս եկած ամազոնուհու կեցվածք ուներ. քննադատում և պաշտպանվում էր՝ վիրավորական խայթոցներ հղելով:

Չնայած հնչած բանաստեղծություններին, կծու և ուրախ կատակներին, նույնիսկ երգչուհի ընկերուհուս Կոմիտաս երգելուն... ընդհանուր առմամբ, Տանյայի հետ հոգևոր հանդիպումը չկայացավ. նա մեծամիտ և գռեհիկ, թափթփված և լեզվանի պառավ էր թվացել ընկերներիս:

Գորիսեցու թունդ հումորին հակադարձվել էր գյումրեցու էլ ավելի թունդ, կոշտ հումորն ու սրախոսությունը… Երկու կողմերն էլ չէին կարող դա հանդուրժել:

Ժամանակներն էլ խառն էին, նյարդային, երկիրը պայթում էր միտինգներից...

Ինչևէ, այդ ամենով հանդերձ, հետաքրքիր, գրական նոր արժեքների բացահայտումների օր էր:

Հաջորդ օրը՝ նորից միտինգներ, նորից հրապարակ…

Բոլորը մոռացել էին Տանյային, վերջինս էլ՝ իրենց ու բակունցյան աշխարհը:

Փորձեցի Տանյային գտնել՝ զանգահարելով հյուրանոց:

Տանյան փակվել էր իր համարում և միայն երկու օր անց՝ առանց հրաժեշտի, ընկերոջ հետ հեռացան քաղաքից:

Այսպես կայացավ բակունցյան աշխարհի հետ Տանյայի առաջին և վերջին հանդիպումը:

Ընդամենն օրեր անց լսեցինք՝ Տանյան չկա....մնացել է երկրաշարժի փլատակների տակ:

Հիշեցի մորս անսպասելի հուզվելը:

Հարցրել էի՝ ինչու՞ էր հուզվել Տանյային ճանապարհելիս... պատասխանը ցնցել էր ինձ՝

-Չգիտեմ, վատ նախազգացում ունեի, թվաց՝ ծանր հիվանդ է, քիչ է մնացել ապրելու...

Եվ իրոք, չնայած Տանյան 40-41 տարեկան էր՝ մեզ համար տարեց կին, բայց շատ ավելի մեծ էր երևում. դեմքը դեղնած, թոշնած, ասես՝ ճմրթված թուղթ, աչքերը փոս ընկած...

...

Մեկ տարի անց «Ավանգարդում» տարվա լավագույն պատմվածքի մրցույթ էր:

Ներկայացրի «Աչքը» պատմվածքս:

Երկար ժամանակ գրական շրջանակներում խոսում էին պատմվածքիս մասին, որը գրել էի երկրաշարժից ամիսներ անց:

Հետագայում այն ներառեցի արձակ գրքի մեջ:

Քչերը իմացան, որ այն նվիրված էր Տանյայի հիշատակին:

Կարծես՝ պատմվածքում ավելի լավ էի ճանաչել նրան...

Դեռ չգիտեի, որ Տանյայի պես «խեղճերով» մոտ, շատ մոտ ապագայում լցվելու է երկիրը, և առջևում՝ ինչ ծանր կյանք է սպասում մեզ...

***

Երբ վերջապես քամին կուզենա ջարդել մեջքդ,

ՈՒ դու լացակումած կհավատաս,

Թե մեջքդ բարակ է եղեգան պես,

Հավատա նաև, որ ընդ եղեգան փող բոց ելաներ...

Տանյա

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ